Հայաստանի խորհրդարանի պատգամավորները տարակուսում են, թե ինչպես քվեարկեն արտահերթ նիստում ներկայացված օրինագծերի օգտին:
«Ազգի ընտրյալների» խոսքով, իրենք պարզապես ֆիզիկապես չեն հասցրել նման կարճ ժամկետում ծանոթանալ փաստաթղթերի հետ, ուստի չեն կարող քվեարկել:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենց խմբակցությունը չի մասնակցելու արտահերթի քննարկումներին եւ քվեարկություններին:
Իրավիճակը բավական լարված է, եւ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին խմբակցությունների խորհրդակցություն է անցկացրել:
Իսկ այսօր, ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Աբրահամյանը հայտարարել է, թե կտրականապես դեմ է «միայն քվեարկելու համար» քվեարկելուն: «Ես համաձայն չեմ, որ պատգամավորները օրենքներ ընդունեն, որոնց հետ պարզապես ծանոթ չեն: Եթե կան կասկածներ, մենք կարող ենք հրավիրել կառավարության ներկայացուցչին՝ պարզաբանումների համար»,- ընդգծել է նա եւ հավելել, որ անընդունելի է նաեւ խնդրի «սվաղման» տարբերակը:
Նշենք, որ պատգամավորների քննարկմանը ներկայացվել է 35 օրենսդրական փաթեթ (մոտ 140 օրենք):





























