Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 7-րդ դարի Թարգմանչաց եկեղեցու վերականգնման աշխատանքների պատասխանատու «Արհովշին» կապալառու ընկերությունն անգործության է մատնված։ Այս հարցի շուրջ իր դժգոհությունը հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այսօր՝ հեկտեմբերի 28-ին պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներին հետեւելու նպատակով կատարած այցի շրջանակներում։
Նախարարը վրդովմունք հայտնեց, որ ամռանը, երբ պետք է իրականացվեր հիմնական աշխատանքը, անցել է, իսկ հիմա արդեն ուշ է: «Լավ, ես շինարարությունից բան չեմ հասկանում, ընդունենք, սակայն հնարավո՞ր է արդյոք մեկ ամսում 14 մլն կատարողական ապահովել։ Այն դեպքում, երբ նոյեմբերին եղանակային պայմանները մեզ հայտնի են»,-ասաց նախարարը։
Հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ր ստուգումները հենց ամռանը սկսել, որպեսզի պատասխանատուները գործի անցնեին, նախարարը պատասխանեց, որ իրենք տեղյակ են աշխատանքների ընթացքից, պարզապես ցանկանում էին կապալառուներին հնարավորություն տալ աշխատելու։
«Արհովշին» ընկերության ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում քարերն են պատրաստվում։ «Եթե նախապես նախազգուշացվեինք այցի մասին, գոնե քարերը կբերեինք, որ տեսնեիք»,-նշեց նա։
Գյուղապետն էլ իր հերթին նշեց, որ չնայած գյուղը ունի քարի որոշակի պաշարներ, որոշ պաշարներ էլ կան հարեւան գյուղերում, սակայն որոշվել է քարը բերել Արմավիր քաղաքից, ավելորդ գումարներ ծախսելով։
Նշենք, որ Թարգմանչաց եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել են 2012 թվականից։ Այս տարի աշխատանքները պետք է սկսվեին հուլիսին, մինչդեռ 14 մլն հատկացումից մինչ այսօր վերականգնողական ոչ մի աշխատանք չի կատարվել։ Ավելին, նոյեմբերին եղանակային պայմանների պատճառով հնարավոր է այդպես էլ այս տարվա ընթացքում որեւէ աշխատանք չկատարվի կամ շատ չնչին մասը կատարվի։

.jpg)





























