ոկտեմբերի 28-ին Բաքվում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի մասնակիցները Ադրբեջանի իշխանություններին մեղադրել են կոռուպցիայի մեջ եւ դեմոկրատական բարեփոխումների անհապաղ անցկացում ու քաղբանտարկյալների ազատարձակում են պահանջել, հաղորդում է contact.az-ը։

Չնայած վերջին օրերին իշխանությունների ճնշումներին, հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ:

«Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի ղեկավար Իլհամ Հուսեյնը ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ հեռուստաընկերությունները փորձում են աշխարհով մեկ աղետների ֆոնին իրավիճակն ուրախ ներկայացնել: «Հեռուստացույցով մեզ Եվրոպայում ջրհեղեղ, Ճապոնիայում ցունամի, ԱՄՆ-ում փոթորիկ, անտառային հրդեհներ են ցուց տալիս: Նրանք կհաղթահարեն դա, դուք ավելի լավ է այստեղի աղետը կանխեք: Կարո՞ղ է կոռուպցիայից, ապօրինությունից, ճնշումներից ավելի վատ աղետ լինել», - հայտարարել է ընդդիմադիրը:

Իրավապաշտպան Օգթայ Գյուլալիեւը ուշադրությունը կենտրոնացել է պատժիչ հաստատություններում կիրառվող կտտանքների վրա: «Անկախ ընդդիմադիր կայքերը արգելափակված են : Երկրում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա, որոնցից 20-ը լրագրողներ ու բլոգերներ են: Ադրբեջանը քաղբանտարկյալների թվով Եվրոպայում առաջատար է», - ընդգծել է Գյուլալիեւը:

«Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իշխանությանը սուր քննադատության է ենթարկել: Նա նշել է, որ կյանքի բոլոր ոլորտները վարակած կոռուպցիայի պատճառով Ադրբեջանը սոցիալական բազմաթիվ տվյալներով հետ է մնում տարածաշրջանի իր հարեւաններից:

Միեւնույն ժամանակ Քերիմլին նշել է, որ ընդդիմությունը ժամանակավոր դադարեցնում է  ընդդիմադիր գործողությունները: Սակայն նրա պնդմամբ՝ դա չի նշանակում, որ միտինգները դադարեցվում են: «Մեզ մոտ դեռ կլինեն առավել զանգվածային ու մեծ ակցիաներ, եւ Ազգային խորհուրդը այդ մասին կտեղեկացնի », - ասել է ընդդիմադիր ազգայնականը: