Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Իրինդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եկեղեցու վերականգնման աշխատանքներին հետեւելու համար կատարած այցի ժամանակ։ «Հնարավոր է՝  նշված ժամկետից՝ նոյեմբերի 15-ից, մի փոքր ուշանա աշխատանքների ավարտը, բայց այս տարի կավարտվի»,-հույս հայտնեց նախարարը։

Եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակ,  ճարտարապետ Մերի Դանիելյանը կարծիք հայտնեց, որ այս տարի նախատեսված աշխատանքների 40 տոկոսն է արվել, այսինքն՝ 60 տոկոսը պետք է ավարտել մեկ ամսում։ Շինարարներն էլ պնդեցին, որ ոչ թե 40, այլ 60 տոկոսն է արվել, մնացյալն էլ կհասցնեն մինչեւ տարվա վերջ։

Նախարարը հանձնարարեց ճշտել եւ համաձայնեցնել նախարարության հետ գնվելիք կղմինդրի ծագման երկիրը՝ այն բանից հետո, երբ շինարարը կասկած հայտնեց, որ հնարավոր է  իրենց ունեցած կղմինդրի նմուշը պարսկական է։

Հիշեցնենք, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները ընթանում են շուրջ 12 տարի։ Այս տարի եկեղեցու վերականգման համար հատկացվել է 27 մլն դրամ։  Այն 7-րդ դարի եզակի, զվարթնոցատիպ,  բոլորակ եկեղեցիներից է, նմանատիպ եկեղեցիներից պահպանվել է Եղվարդի Զորավարը, որ դեռեւս վերականգնված չէ։