Բյուրեղավանի Արտավազդիկ եկեղեցին չի գործելու, ծառայելու է որպես ուխտատեղի, իսկ ամրացման աշխատանքների համար հատկացվել է 11 մլն դրամ։  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներին հետեւելու նպատակով կատարված այցի ժամանակ նշել է մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

Նրա փոխանցմամբ, եկեղեցում առաջին անգամ իրականացվում են ամրացման աշխատանքներ, հատակն է վերականգնվում, կատարվում է բեկորների դասակարգում, ջրահեռացման աշխատանքներ։ «Ընդամենը մեկ ամիս է, ինչ սկսվել են ամրակայման աշխատանքները, որովհետեւ կային դատական գործընթացներ։ Կա վճիռ, որով համայնքը փորձել է բարեկարգել տարածքը, որի արդյունքում որոշ աշխատանքներ եղել ոչ մասնագիտական»,-նշեց նա։

Իր հերթին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտնեց, որ 2018 թվականին մշակույթի նախարարությունը կիրականացնի կարմիր, սպիտակ, սեւ գրքերի հրապարակումը։ «Կարմիր գրքերի մեջ կընդգրկվեն այն պատմամշակութային հուշարձանները, եկեղեցիները, որոնք վտանգված են եւ վերանորոգման, ամրակայման կարիք ունեն, սպիտակի մեջ փրկվածները եւ սեւերի մեջ կորսված եկեղեցիները»,-ավելացրեց նա։

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարը ընդգծեց, որ շատ դժգոհ է կատարված աշխատանքը տեսնելուց հետո, սակայն ուրախ է, որ առաջին անգամ հանրային վերահսկման են ենթարկում մեր հոգեւոր ժառանգության շինությունների ամրակայնման եւ վերականգնման աշխատանքները։ «Հույս ունենք՝ սա կբերի շինարարների մոտ պատասխանատվության զգացման ավելացում, հակառակ դեպքում կդիմենք պատժամիջոցների»,-ավարտեց իր խոսքը նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Մշակույթի նախարարությունը նախաձեռնել էր այցեր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի սուրբ Թարգմանչաց, Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի սուրբ Աստվածածին եւ Բյուրեղավանի Արտավազդիկ եկեղեցիներ՝ տեղում հետեւելու, թե ինչպես են իրականացվում պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքները։