Անցնող տարում ԼՂ խնդրի կարգավորման հարցում էական փոփոխություն չարձանագրվեց, բոլոր ջանքերն ուղղված էին ստատուս-քվոյի պահպանմանը: Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով մեկ տարվա ընթացքում ԼՂ կարգավորման բանակցությունների ընթացքը, հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում կարեւոր դերակատարում ունի Ռուսաստանը:
«Անցնող տարում այդ երկրի բոլոր ջանքերն ուղղված են եղել հենց ստատուս-քվոյի պահպանմանը, ինչին չեն ընդդիմացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները»,-հայտարարեց քաղաքագետը: Նրա խոսքով՝ չնայած շոշափելի արդյունքների բացակայությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները ընթանում են, ինչը հուշում է, որ կողմերը դեմ չեն գործընթացը հենց այդ ֆորմատով շարունակելուն:



























