Ադրբեջանի ներկայացուցիչն արդեն 4 տարի Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարն է, ինչը չի կարող նրա աշխատանքի վրա չանդրադառնալ: Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այս կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում: «Սա շատ ուշագրավ է: Որովհետեւ բոլոր նախագծերը վերջնամշակվում են հենց Ստամբուլում»,- պարզաբանեց Մինասյանը՝ հավելելով, որ սա որոշակի կնիք է դնում այս Խորհրդարանական վեհաժողովի գործունեության վրա:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը այս կազմակերպությունում բավականին ուժեղ դիրքեր ունեն, բայց չնայած դրան, հայկական կողմը բավականին ակտիվ դիրք ունի եւ իր շահերն է առաջ մղում:




























