ՀՀ ՊՆ վարչական համալիրում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների եւ երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման նոր կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է նաեւ հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի շնորհման դիմումները: