«Իրատես» թերթը գրում է. «Օղակը վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջը վաղուց է սեղմվում: Պատճառները շատ են, շահառուները` նույնպես: Հարցադրումն էլ միակն է` այդ նա՞ է, որի «քուղերը» պետք է «կապվեն» 2018-ին, որպես վարչապետ, թե՞ մեկ ուրիշին պետք է սպասել: Հարցնում են` ՀՀԿ-ում: Նաեւ` ԲՀԿ-ում: Այդ թվում եւ` ՀՅԴ-ում: Արձանագրենք` նշված կուսակցությունները սպասում են «մեկ ուրիշին»: Այնուհանդերձ, Կարեն Կարապետյանի շուրջն առկա օղակն ամենեւին էլ միատարր չէ, բաղկացած է տարբեր, խիստ օբյեկտիվ, ինչպես նաեւ սուբյեկտիվ «հյուսվածքներից»:
ա) Երեկ խորհրդարան ներկայացվեց 2018-ի, այն է` Կարեն Կարապետյանի «վարչապետության» բյուջեն: Վեկտորները, ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, խիստ ակնհայտ դրսեւորվեցին` այդպիսի բյուջեով չեն մտնում «սովնարկոմ»` 2018: Ինչն էլ ոչ միայն գործող վարչապետի «մեղքն» ու պատասխանատվությունն է, այլեւ հազար օբյեկտիվ պատճառ ունի, բայց քանի որ «գիլիոտինի» սեղանին այս պահին բյուջեն դրված է այդ վարչապետի ձեռամբ, օղակը սեղմվելու է անգամ առանց որեւէ մեկի, այդ թվում` ԲՀԿ-ի եւ այլոց օգնության: Եվ խնդիրը, որ դրված է քաղաքական դերակատարների առջեւ` ցուցանել Կարեն Կարապետյանի «վատը», խիստ սահուն, ինքն իրեն կստացվի. նախ` բյուջեի հանձնաժողովային քննարկումների, ապա եւ` «պլենար» նիստի ընթացքում:
բ) Կառավարության, Կարեն Կարապետյանի շուրջը հյուսվող օղակի հաջորդ օբյեկտիվ շղթան ներդրումների խոստացված ծավալի չապահովումն է: Վարչապետը ժամանակին անզգուշություն «ունեցավ» ոչ միայն արտաբերելու, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է (ինչը նրան չներվեց որեւէ մակարդակում, բայց առաջին հերթին քաղաքական, որովհետեւ Հայաստանում ընդունված չէ, որ նույն թիմին պատկանող վարչապետ-իրավահաջորդը իր բեմելին զուգահեռ, նման միտք հնչեցնի), այլեւ, որ Հայաստանում սպասվում է 850 միլիոն դոլարի ներդրում: Ինչը չկա:
գ) Ի դեպ, եղած ներդրումների մասին էլ կա՛մ Սերժ Սարգսյանն է հայտարարում, ասենք` Ջերմուկի 21 միլիոնի մասով, կա՛մ էլ այդ ներդրումների մասին հուշագիրը ստորագրվում է այնպիսի մի օր, որ հաստատապես «օգտավետ» չէ Կարեն Կարապետյանի «ապագայի» համար (նկատի ունենք ԵԱՏՄ վարչապետների նիստի օրը էներգետիկայի նախարարությունում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի «քավորությամբ» ստորագրված 190 մլն-ի փաստաթուղթը):
դ) Այո, օղակը Կարեն Կարապետյանի շուրջը սեղմվեց նաեւ Մեդվեդեւի այցի օրերին: ՈՒզում էին լավ, ստացվեց, ինչպես միշտ. Մեդվեդեւը` յուր Միլլերի հետ, փաստացի, պետք է «յուղ ածեր» վարչապետի «քուղերի» վրա, ցուցաներ, որ սույն «քուղերը» պատվիրված են Ռուսաստանում եւ անհրաժեշտ պահին, եթե պետք լինի, Ռուսաստանը դրանք «կկապի»: ԵԱՏՄ-ականներ Ղրղզստանի եւ Ղազախստանի տարընթերցմանը միացած ՀՀ արտահանման թվերը տեղ չթողեցին, որ Հայաստանում անցկացված նիստը քչից-շատից «պոզիտիվի մեջ» լիներ: Հետո էլ պետք է արձանագրել, որ Դմիտրի Անատոլեւիչի ոտքը առանձնապես «խերով» չէ. նախորդ այցին էլ նա «խինդ» չբերեց Հովիկ Աբրահամյանի համար, եւ նրա այցից հետո Հովիկ Արգամիչը պաշտոնին հրաժեշտ տվեց:
ե) Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է նաեւ իր շրջապատի մասով: Խոսակցությունները, որ տրանսպորտի եւ կապի նախարարն ինչ-ինչ չարաշահումներ է թույլ տվել, կարող ենք կարծել, շատ ավելի հոգեբանական, քան տնտեսական «ալիք» է: Ձգենք պաուզան, արձանագրելու` գործող վարչապետի շուրջը հյուսվող օղակը քաղաքականապես բավականին գրագետ է, որովհետեւ կառուցված է նախ եւ առաջ հոգեբանական, ենթագիտակցական գործոնի վրա, որը ժամանակակից աշխարհում շատ լավ է աշխատում, էլ ու՜ր մնաց` զգայարանների ավելցուկից խեղդվող Հայաստանում: Ի դեպ, նկատենք, այսօրվա Կարապետյանը նախկին ընտրությունների «մաչոն» չէ. չէ, նա էլի համակրելի, գեղեցիկ է, սակայն էներգետիկա չկա այլեւս, այս ամիսների ընթացքում նա դարձավ հայաստանցիների նման հոգնած, անկյանք, զի հաշվարկը` նրան «հոգնեցնելու», անթերի էր. նախ, Կարեն Կարապետյանին թվաց, թե ընտրությունների ընթացքում այդ ինքն է մտածում, ոչ թե «իրեն են մտածում», եւ որպես էլեգանտ «մաչո», հետո էլ այնքան հոգս թափեցին գլխին, որ դրանց տարափին որեւէ նորմալ-բանական էակ չէր դիմանա:
Էլ չենք ասում, որ նա իր ենթագիտակցական «ինֆրաստրուկտուրայով» «միայնակ գայլ» է. նրան ոչ միայն թույլ չտվեցին քաղաքականությամբ զբաղվել, ինչն էլ եղավ, կա ու կլինի նրա «գերագույն այիբը», քանզի որքան էլ պնդեն, որ վարչապետը տնտեսական ֆունկցիա է, վարչապետը, այն էլ` Հայաստանի նման երկրում, այն էլ` փոփոխված սահմանադրության ֆոնին, այն էլ` 2018-ի վարչապետը, նախ եւ առաջ քաղաքականություն է։
Այդ նա չցանկացավ «ապացուցել», որ քաղաքականության «քուղերն» էլ են իրենը, էլ չենք ասում` դա շատ լավ հասկանալով, խաղի մոդերատորները նրան ասացին` քուղերդ ավելի հարմար են քո շուրջը «օղակ» հյուսելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























