Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է` արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ չեղյալ համարել տարածքային/մարզային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից գանձվող պետական տուրքի անհիմն բարձրացումը: Խոսքը մեկ մարզի տարածքում սփռում ապահովող հեռուստաընկերությունների մասին է, որոնք մեծ մասամբ սահմանափակված են մարզային մեկ քաղաքի տարածքով: Նախաձեռնության հեղինակներն են «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորները, ինչպես նաեւ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արտուշ Շահբազյանը եւ Ռուստամ Գասպարյանը:
Ըստ նախաձեռնության հեղինակների, սեպտեմբերի 16-ին ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով, օրենսդիրը անտեսել է մեկ մարզի առանձին քաղաքում, գյուղում եւ մեկ մարզի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակվող հեռուստաընկերությունների տարբերությունը` անտեսելով մի քանի կարեւոր հանգամանքներ: Դրանք են`
- մարզերի առանձին տարածքներում գործող հեռուստաընկերությունների` առաջիկա արտոնագրման մրցույթին չմասնակցելը եւ հետեւաբար իրենց գործող լիցենզիաների երկարացումը մինչեւ 2015 թվական պահպանում է անալոգային հեռարձակման համար տրված լիցենզիաների թե իրավունքները, թե պարտավորությունները` այդ թվում ֆինանսական,
- տեղական հեռուստաընկերությունների հանրային դերը տեղական մակարդակով լրատվություն տարածելու գործում անփոխարինելի է,
- սփռման գոտիների գովազդային շուկաների տարբերությունը եւ հետեւաբար եկամուտների ստացման էական տարբերությունը:
Այսպիսով, հավասար մրցակցության համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ, որոնք իրականում վտանգել են մարզերում գործող տեղական հեռարձակողների գոյությունը:
Նրանք ընդգծել են, որ որոշ մարզային հեռուստաընկերությունների տարեկան եկամուտը կազմում է առաջարկվող պետական տուրքի 30 տոկոսը, ինչը չափազանց մեծ գումար է փոքր հեռուստաընկերությունների համար եւ հարցականի տակ է դնում պետական տուրքի չափի ողջամտությունը:
Առաջարկվող նախագիծը կոչված է ապահովելու մրցակցության հավասար պայմաններ, ինչպես նաեւ` սահմանելու բազային տուրքի ողջամիտ չափը:
Պետական տուրքերի չափերի վերանայումը հրատապ լուծում պահանջող հարց է, որը պետք է արժանանա գործադիր եւ օրենսդիր իշխանությունների լուրջ ուշադրությանը:





























