Դեկտեմբերի 15-ին Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Երեւանում մեկնարկված «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին, ցեղասպանագիտության բնագավառում ճանաչված շուրջ 20 գիտնականների` ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի ուղեկցությամբ:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն կարեւորել ու խրախուսել է նրանց առաքելությունը ցեղասպանության ճանաչման գործում, նշելով. «Այսօր ցավի եւ վրեժխնդրության զգացումով եւ ոգով չէ, որ առաջնորդվում է մեր ժողովուրդը՝ պահանջելով ցեղասպանության ճանաչումը: Մեր ցանկությունն է, որպեսզի ճանաչումը նպաստի նմանատիպ ողբերգությունների կանխարգելմանը: Մարդկությունը պետք է ավելի խիստ օրենքներ որդեգրի նման ոճիրների կանխարգելման համար: Մենք եւս` որպես եկեղեցի եւ եկեղեցականներ, մեր կողմից իրականացվող կարեւոր առաքելություն ենք տեսնում` կրթելու մարդկանց հոգին, որպեսզի յուրաքանչյուր ոք ընկալի, որ նման հանցագործություններն առաջին հերթին ուղղված են Աստծո արարչագործության դեմ: Մենք հավատում ենք, որ պիտի տեսնենք այն ժամանակները, երբ մարդկությունը պիտի զերծ մնա նման ողբերգություններից եւ ցավերից եւ այս իմաստով վերստին մեր գնահատանքն ենք բերում ձեր ջանքերի եւ աշխատանքի համար: Մեր աղոթքն ու հայցն ենք երկինք բարձրացնում, որ Տերն արդյունավորի, հաջողությամբ պսակի եւ բարի արդյունքների առաջնորդի ձեր աշխատանքը»:
Հանդիպումն ավարտվել է աղոթքով, որից հետո գիտաժողովի մասնակիցները այցելել են Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացան հայ ժողովրդի հոգեւոր արժեքներին:





























