Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինայի եւ նույն գրասենյակի ժողովրդավարության հարցերով խորհրդատու Մարկ Լեւինսոնի հետ քննարկել է ԿԳՆ-ի ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թթ համալիր գործողությունների ծրագրի» իրականացման գործընթացում ԱՄՆ ՄԶԳ աջակցության եւ նոր ծրագրային առաջարկների հարցը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Աշոտյանը նշել է, որ նախարարությունը պարտավորություն է ձեռք բերել անողոք պայքար մղել եւ կարճ ժամանակահատվածում կտրուկ փոփոխություններ եւ շոշափելի հաջողություններ արձանագրել կոռուպցիոն ռիսկերի նվազման ուղղությամբ:
«Կոռուպցիայի դեմ պայքարը մարզաձեւ չէ, որ եզրագիծը հատելիս տեսնես`որ տեղն ես զբաղեցնում: Անկախ նրանից, թե որ ոլորտը որ տեղում է հանգրվանում, կոռուպցիան անընդունելի է. այն հանրային, հասարակական ախտ է, պարզապես կրթության ոլորտում առկա կոռուպցիոն երեւույթներն արտահայտվում են ավելի շատ, որովհետեւ կրթությունն ամենազանգվածային ոլորտն է` շուրջ 700 հազար անմիջական շահառու, սոցիալիզացիայի աստիճանը` 58 տոկոս: Կարեւոր է, որ մեկ տարի հետո հասարակությունն իր վրա զգա եւ գնահատի կոռուպցիայի նվազման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունավետությունը»,-նշել է նախարարը` հավելելով, որ քանի դեռ հասարակության մեջ կա մի հատված, որ ինքն է շահագրգռված կոռուպցիոն երեւույթների առկայությամբ, այդ պայքարը դժվար կլինի, ուստի խնդրի կարեւորության շուրջ հասարակական կոնսենսուս ձեւավորելն այդ պարագայում լավագույն գործիքն է:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ գործակալությունը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարում:
Նախարարն ընդունելի է համարել գործակալության առաջարկը` նշելով, որ համաձայն հակակոռուպցիոն ծրագրի` բուհի ղեկավարները, ի թիվս տարեկան հաշվետվության եւ բուհի հաջորդ տարվա բյուջեի, կառավարման խորհրդի հաստատմանը պետք է ներկայացնեն նաեւ բուհի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը, դրանից բխող միջոցառումների ծրագիրը եւ կատարված աշխատանքների հաշվետվությունը: Այս համատեքստում Ա. Աշոտյանն առաջարկել է առաջիկայում համապատասխան հանդիպում կազմակերպել` բուհերի եւ գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ` տեղում քննարկելու բուհերում առկա կո ռուպցիոն ռիսկերը եւ դրանց դեմ պայքարի գործընթացում ԱՄՆ ՄԶԳ առաջարկած խորհրդատվական աջակցությունը: Նախարարը նաեւ հավելել է, որ վերջերս կազմավորված բուհերի նոր խորհուրդներն առաջիկա նիստերի ընթացքում կքննարկեն նաեւ բուհի հակակոռուպցիոն ռազմավարության մշակման խնդիրները:





























