Հայաստանյան դպրոցներում սկսվել է «Ուսում» համակարգչային ծրագրի ներդրումը։ Ծրագիրը համակարգչից օգտվելու հայերեն ինքնուսույց է, որը նախատեսված է դպրոցներում համակարգչային գրագիտությունը բարձրացնելու համար։  Ծրագիրը մշակել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ Ինստիտուտի գլխավոր ինժեներ Արման Քուչուկյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինեւ տարեվերջ ծրագիրը կներդրվի հայաստանյան 100 դպրոցներում:

«Այս ծրագիրը ինքնուսույց է, եւ փաստորեն աշակերտների համակարգչային գրագիտությունը արդեն կախված չէ լինում կոնկրետ ուսուցչի գրագիտությունից, քանի որ աշակերտները կարող են այդ ամենը ինքնուրույն սովորել»,-ասաց Ա. Քուչուկյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ուսումնասիրվում է տարբեր դպրոցների համակարգչային հագեցվածության աստիճանը, եւ զուգահեռ ընթանում է ծրագրի ներդրումը դպրոցներում։

Հարցին, թե ինչո՞ւ ծրագիրը չի տեղադրվում ինտերնետում, որպեսզի բոլորն օգտվեն դրանից, Ա. Քուչուկյանը պատասխանեց, որ դա դեռեւս նախատեսված չէ, կա նաեւ համակարգչային անվտանգության եւ վիրուսներից խուսափելու հարց։

Ծրագրի ներդրման համար կառավարությունը հատկացրել է 60 մլն դրամ։

Ա. Քուչուկյանի տեղեկացմամբ՝ հաջորդ տարի նախատեսվում է ծրագիրը ներդնել հայաստանյան 700 դպրոցներում, իսկ մինչեւ 2012 թ.՝ շուրջ 1400 դպրոցներում։