Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրահանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն, ԵՄ բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  Հայաստան-ԵՄ  հարաբերությունները եւ այդ համատեքստում` Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի  միջեւ կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է այս տարվա հունիսին իր գլխավորած պատվիրակության այցը Եվրախորհրդարան` արդյունավետ համարելով անցկացված բանակցությունները, որոնք նպաստեցին եվրոպացի պատգամավորների մոտ ավելի օբյեկտիվ եւ ամբողջական պատկերացման ձեւավորմանը Հայաստանի, ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

ԱԺ նախագահը կարեւոր է համարել նաեւ մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը` օբյեկտիվ համարելով դրա արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունները դրսեւորում են անհրաժեշտ քաղաքական կամք` մեր երկիրը տեսնելու եվրոպական ընտանիքում, եւ պատրաստ են կատարել ստանձնած պարտավորությունները:

Գունար Վիգանդն իր հերթին նշել է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում տնտեսական ինտեգրման, ազատ առեւտրի, քաղաքացիների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ իրավական ակտերի ներդաշնակեցման ուղղություններով: Եվ այս առումով, ըստ ԵՄ բանակցային թիմի ղեկավարի, կարեւորվում է օրենսդրական բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ԵՄ չափորոշիչներին եւ նորմերին: