Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանում է, թե որ դեպքերում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում: Նման պարազաբանման համար, թերեւս, պատճառ է հանդիսացել, մասնավորապես, NEWS.am-ի նույթն այն մասին, որ Արմեն Աշոտյանի ԿԳ նախարար դառնալուց հետո կառավարությունն սկսել է հաճախակի քննարկել զորակոչային տարիքի հասած անձանց զորակոչից տարկետում տրամադրելու հարցերը եւ տասնյակ երիտասարդներ այդկերպ արդեն ազատվել են ծառայությունից:
Այս առնչությամբ ԿԳՆ-ն հայտնում է, որ ըստ Կառավարության կողմից հաստատված կարգի, քաղաքացիները, ովքեր սովորում են օտարերկրյա պետությունների բուհերում կամ գիտակրթական հաստատություններում, կարող են դիմել եւ ստանալ տարկետում: Ըստ այդմ, Կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ սահմանվել են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատությունների վարկանիշային ցանկերի առաջին երկու տասնյակում ընդգրկված հաստատությունները: Կառավարության կողմից կանոնակարգվել է այն քաղաքացիների տարկետման իրավունքը, ովքեր սովորում են տվյալ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Միաժամանակ, ըստ ԿԳՆ-ի, «Զինապարտության մասին» օրենքի հոդված 16-ի 2-րդ կետը սահմանում է. «Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները եւ առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից»: ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր սովորում են հանրակրթական եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում, սակայն լրացել է նրանց 18 տարին, տարկետման իրավունք տրամադրվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Վերջինս նպատակ ունի զորակոչային տարիքում գտնվող անձանց հնարավորություն տալ ավարտելու հանրակրթական ուսումնական հաստատությունը, ստանալ ատեստատ, որից հետո մեկնել զինծառայության:
«Տեղեկացնում ենք նաեւ, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգ են մտել վերոնշյալ իրավունքից օգտվող երեք քաղաքացիներին տարկետում տալու վերաբերյալ որոշումների նախագծերը:
Տվյալ գործընթացն իրականացնելու համար ԿԳՆ-ն աշխատանքային սերտ համագործակցության մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության հետ»,- ասված է ԿԳՆ հաղորդագրության մեջ:





























