Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի արտահայտած այն միտքը, թե անձամբ ինքը եւ Գերմանիայի ժողովուրդը առավելապես պաշտպանում եւ կարեւորում են ազգերի ինքնորոշման սկզբունքը, նշանակում է, որ նա ըմբռնել է ղարաբաղյան հակամարտության  էությունը եւ խնդրի իրավական լուծման կողմնակից է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

«Չեմ կարող այլ խոսք ասել, քան այն, որ հարգարժան դեսպանը լիովին հասկացել է խնդրի էությունը։ Ես դրական եմ գնահատում, որ նա կարեւորում է հենց ինքնորոշման իրավունքը։ Իր այս մտքով, դեսպանն, ըստ էության, արտահայտել է այն, ինչը եւ կազմում  է հակամարտության գլխավոր բովանդակությունը»,- համոզմունք հայտնեց Մարտիրոսյանը։

ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն իր հերթին նկատեց. «Որ ազգերի ինքնորոշման իրավունքը կարեւոր է գերմանացիների համար, փաստ է, որովհետեւ Ղարաբաղի հարցն ավելի շատ նման է Գերմանիան բռնի ձեւով բաժանելուն, քան մի շարք այլ հակամարտությունների, որոնց հաճախ փորձում են նմանեցնել ԼՂ հարցը։ Այնպես որ, չեմ զարմանում, որ Գերմանիայի դեսպանն ասած լինի, թե իր հայրենակիցներն առավելապես կողմ են ազգերի ինքնորոշման իրավունքին»,- ամփոփեց Մանոյանը։

Նշենք, որ նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Գերմանիայի արտաքին եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը նշել էր, որ անձամբ ինքը եւ Գերմանիայի ժողովուրդը առավել պաշտպանում եւ կարեւորում են ազգերի ինքնորոշման սկզբունքը։