Հայաստանի ԱԳՆ-ն փորձելո՞ւ է անհասկանալի ստատուս ունեցող կառույցի չինովնիկներից մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Վիզաների կենտրոնների գործունեությանը:

«Ամեն օր մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ: Գիտեմ, որ ԱԳՆ-ն որոշակի միջամտություն ունի Հայաստանում, այսպես կոչված, վիզաների կենտրոն կառույցին, որտեղ ուղղակի նվաստացման են ենթարկվում մեր քաղաքացիները՝ չպատճառաբանված, անհեթեթ հերթեր, մարդկանց ոչ պատշաճ սպասարկում, անհարկի գումարների գանձում՝ ընդամենը փաթեթի վրա սկրեպ խփելու և կողքի գործավարին փոխանցելու համար: Խնդիրը բարդացվում է, և ես կուզեի ձեզնից ստանալ պատասխան. մեր ԱԳՆ-ն փորձելո՞ւ է անհասկանալի ստատուս ունեցող կառույցի չինովնիկներից մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու: Դա մեկ բողոք չէ, երկուսը չէ, երեքը չէ: Թիվն այնքան մեծ է, որ դրան պաշտոնապես անդրադարձել է Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմը: Չի՛ կարելի»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Ի պատասխան ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ասաց, որ արդարացի է համարում հարցադրումը. «ԵՄ-ն այս քաղաքականությունն իրականացնելիս կարող է օգտվել Հայաստանում արտաքին ծառայություն մատուցող ծառայությունից: Տարիների ընթացքում մենք ուսումնասիրել ենք բողոքների թիվը, բարեբախտաբար, դրանք նվազում են, և սա ինչպես՝ ձեր, այնպես էլ՝ քաղհասարակության, նաև ՀՀ կառավարության, տվյալ դեպքում՝ ԱԳՆ միջամտության արդյունքում է: Հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Անցյալ շաբաթ Բրյուսելում հարցը բարձրացվել է Եվրամիության հանձնակատարի հետ, որը համակարգում է այս ուղղությամբ աշխատանքները»: