«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Վարդան Ղուկասյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչու են բյուջեով միշտ Երեւանին շատ գումար հատկացնում:

«56,3 մլրդ դրամից 43 մլրդը Երեւանին եք հատկացնում, մնացած մարզերի համար տակը ի՞նչ է մնում: Դոտացիան սխալ է բաշխվում եւ այդ պատճառով էլ մարզերում արտագաղն ավելի մեծ է: Մի քիչ էլ կողքերը նայեք, ինչքա՞ն կարող ենք լսել, որ սոցիալապես անապահով խավը Շիրակում է»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ  բյուջեն կազմում են համահարթեցման դոտացիայի օրենսդրության պահանջներից ելնելով:

«Օրինակ` մետրոպոլիտենի համար է նախատեսված այսքան գումար եւ չենք կարող այդ գումարն այլ տարածաշրջանների համար ուղղել, կամ դպրոցների, այսինքն՝դրանք Երեւանին բնորոշ ծրագրեր են, դրա համար էլ պատվիրակվել են Երեւանին»,-ասաց նա: