Դեկտեմբերի 11-ին ռուս ազգայնականների, ֆուտբոլային ֆանատների կազմակերպած ակցիաների նման այլ ակցիաներ տեղի են ունեցել նաեւ այլ քաղաքներում, այդ թվում՝ հայաշատ Դոնի Ռոստովում։ Այս կապակցությամբ NEWS.am-ին մեկնաբանություններ տվեց «Միասնական Կովկաս» երիտասարդական ասամբլեայի (Молодежная ассамблея Единый Кавказ МАЕК) նախագահ Ալիկ Միքայելյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ին Դոնի Ռոստովում «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագուները Մոսկվայում դեկտեմբերի 8-ին կաբարդինո-բալկարների կողմից սպանված «Սպարտակ»-ի երկրպագու Սիչովի հիշատակին երթ էին կազմակերպել, սակայն այն ընթացքում դարձել է ազգայնականների երթի։
«Դա բնականաբար ծրագրված ակցիա էր, Մոսկվայից մոտ 30 նացիոնալիստներ էին ժամանել, որոնք եւ մշակել էին ակցիայի մանրամասները։ Երթին մասնակցում էր մոտ 1500 մարդ»,-ասաց Միքայելյանը՝ ավելացնելով, որ իրավապահ մարմինները շատ արագ են արձագանքել ազգայնական դրսեւորմանը։
Ըստ նրա՝ քաղաքի բնակիչները, մտավորականները քաջ գիտակցում են, որ ազգայնական ակցիաները Ռոստովում դավադրություն է ընդդեմ քաղաքային բնակչության։ «Դոնի Ռոստովում ռուսները եւ կովկասի այլ ժողովուրդներ, այդ թվում նաեւ հայեր, դարեր ի վեր միմյանց կողքի են ապրում, եւ ինչ ստեղծել են ու արարել, արել են համատեղ ուժերով»,- ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ հայրենական միությունները շատ արագ արձագանքում են իրադարձություններին, բայց հատկապես երիտասարդներին դժվար է լինում վերահսկել։ «Չեմ բացառում, որ ազգայնականների ակցիաներ կազմակերպող ուժերը կարող են մի քանի կովկասցիների գումար տալ, որպեսզի նրանք հակառուսական ակցիաներ կազմակերպեն, եւ վիճակը դրանով թեժացնեն»,- ասաց «Միասնական Կովկասի» նախագահը՝ հավելելով, որ ինտերնետում եւ քաղաքի տարբեր մասերում հայտարարություններ են տարածվում հակասլավոնական կամ հակակովկասյան ակցիաներ կազմակերպելու կոչերով։ «Փորձում ենք հասկանալ, թե ովքեր են թռուցիկներ տարածողները, բայց այս պահին դեռ նորություններ հայտնի չեն»,- նշեց Միքայելյանը՝ ընդգծելով, որ Ռոստովում իրավիճակը հանգիստ է, բայց այնուամենայնիվ իրենց կազմակերպությունն իր անդամներին կոչ է արել չմասնակցել որեւէ ակցիայի։
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին եւս ակնկալվում էր, որ ազգայնականներն իրենց մոսկվացի ընկերների օրինակով փողոց դուրս կգան, սակայն նման բան տեղի չունեցավ:




























