Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը 18 մլրդ դոլար կամ ավելի էժան կարժենա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Fox News-ի հետ զրույցում:

«Ասում էին, որ պատը 40 մլրդ կարժենա: Նրա արժեքն այս գումարին անգամ չի մոտենում: Խոսքը այդ գումարի կեսից պակասի մասին է»,- արձանագրել է նա:

Թրամփը պարզաբանել է, որ բնական խոչընդոտ կլինեն լեռներն ու գետերը: «Այդ վայրերում պատի կարիք չկա»,- նշել է ԱՄՆ նախագահը: «Կարծում եմ՝ 18 մլրդ-ով կամ ավելի պակաս գումարով հոյակապ պատ կունենանք, շեշտել է Թրամփը: - Հիմա մենք նախատիպեր ենք ստեղծում, հետո ընտրություն կկատարենք»:

Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը ԱՄՆ գործող նախագահի նախընտրական առանցքային խոստումներից մեկն էր: Այն կառուցելու մասին հրամանը նա ստորագրել է հունվարի 25-ին, պատի երկարությունը պետք է կազմի ավելի քան 3 հազար կմ: Թրամփը բազմիցս պնդել է, որ այս պատվարի համար վերջնարդյունքում վճարելու է ԱՄՆ հարավային հարեւանը, սակայն Մեքսիկայի իշխանությունները կտրականապես դեմ են այս նախգծին մասնակցելուն:

Օգոստոսին Թրամփի վարչակազմը հայտնել էր, որ պատի մանրակերտի կառուցման համար 4 շինարարական ընկերություն են ընտրել: