«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին ազատ է արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնեց, որ Անի Հովհաննիսյանն ազատ է արձակվել, քանի որ ավարտվել է նրա պատժի կրման ժամկետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 3-ին։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Այս մասով Անի Հովհաննիսյանն արդարացվել էր:

Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ է հրապարակել: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:

Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը: