Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգում ջերմային էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվն աճել է մինչեւ 32: Այս մասին հայտնում է ANI գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 26 մարդու զոհվելու մասին:

Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի Ունչահար քաղաքում NTPC ընկերության ՋԷԿ-ում: Ունչահարի ՋԷԿ-ը շահագործման է հանձնվել 1988 թվականին, այժմ այն 5 էներգաբլոկ ունի՝ 210 մեգավատտ հզորությամբ, սակայն թողարկման է պատրաստում 6-րդ էներգաբլոկը, որն ամենահզորն է՝ 500 մեգավատ, եւ հենց այստեղ է պայթյունը տեղի ունեցել, ավելի վաղ հայտնել էին NTPC-ից:

Լրատվամիջոցները նախապես հայտնել էին, որ ՋԷԿ-ում կաթսան է պայթել, սակայն NTPC ընկերությունը պատահարը նկարագրելիս հայտնել է, որ 20 մետր բարձրությամբ տեղի է ունեցել խողովակի ապահերմետիկացում՝ «անսպասելի լսվող ոչ կանոնավոր ձայնից հետո» խողովակից հարթակի վրա աշխատողներին սկսել է հարվածել գոլորշին ու գազը: 32 զոհվածներից բացի, գրեթե 80 մարդ է տուժել: