ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է լրատվամիջոցների ահազանգին, ըստ որի Շիկահողի արգելոցի տարածքում Մզրա գետի ափին շուրջ 40 ծառ է հատվել:

Այս առնչությամբ, դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2017թ. հոկտեմբերի 29-ին կազմված բնապահպանական տվյալ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը եւ վնասի հատուցման հաշվարկը:

Համաձայն վերջինիս՝ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կիլոմետրի հարակից տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 36 ծառ եւ 3 ճյուղ, ինչի հետեւանքով պատճառված վնասը կազմել է 1.089.154 ՀՀ դրամ:

Սյունիքի մարզի դատախազությունը ստացված արձանագրությունը եւ կից հաշվարկը նույն օրը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանմված կարգով՝ նյութեր նախապատրաստելու ցուցումով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցչի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում արձանագրվել է եւս մեկ ծառի ու վեց ճյուղի ապօրինի հատում, ինչպես նաեւ ճշտվել են տարածքի կոորդինատները, դրա պատկանելիությունը պարզելու համար:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ խնդիրը գտնվում է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում: Ենթադրյալ ծառահատում իրականացրած անձի/անձանց մասին լրատվամիջոցներում ներկայացվող տեղեկություններն ու տվյալները սահմանված կարգով կուսումնասիրվեն:

Հետագա ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: