ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործի վերաբերյալ 2017 թ. հոկտեմբերի 10-ին թվագրված «պարզաբանում» է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեւ ասվում է. «Դրանում ուղղակի ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացրել են Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի եւ մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը եւ հիշեցրել տուժող կողմին ընձեռնված իրավունքների մասին այն դեպքում, երբ տուժող կողմն արդեն իսկ օգտվում է այդ իրավունքներից:
Հիշեցնենք՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինս սպանության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր, ապա 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել էր եւ տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, որտեղ էլ ժամեր անց նրան մահացած էին գտել: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ինքնասպանություն է գործել:
Ա. Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է դեպքից օրեր անց եւ պարբերաբար հրապարակումներ արել գործի ընթացքի վերաբերյալ:
Քրեական գործ էր հարուցվել եւ Ա. Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի, եւ նրա մահվան դեպքի առթիվ:
Ծեծկռտուքի գործով վարույթն իրականացնող մարմինը նախ Ա. Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր վերջինիս մահվան հիմքով, ապա հաշվի առնելով ծեծկռտուքի ընթացքում Անզոր Կարապետյանի ստացած վնասվածքները՝ վերջինիս տուժող էր ճանաչել եւ 2016 թ. ապրիլի 26-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճել՝ ծեծկռտուքի մյուս մասնակիցների գործողությունները որակելով որպես անհրաժեշտ պաշտպանություն:
Եվ միայն Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի կողմից քեական գործը կարճելու մասին 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ապա ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկելուց հետո գործն ուղարկվեց նախաքննության:
Իսկ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցվել էր քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննության արդյունքներն ստանալու հաջորդ օրն իսկ՝ առանց դրանք քննության առարկա դարձնելու: (Անզոր Կարապետյանի մահվանից 9 ամիս անց ստացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով արձանագրվել էր, որ նրա ունեցած անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ինքնասպանության հանգեցնել):
Ավելի ուշ դրա վերաբերյալ տուժող կողմի միջնորդություններին ի պատասխան հայտնել էին, որ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը վերսկսված է, սակայն ամիսներ անց կրկնակի հարցումներից հետո պարզվել էր, որ այն կրկին կասեցվել է, եւ միջնորդության քննության արդյունքում «էական հանգամանքներ չեն պարզվել»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցնելու մասին 2016 թ. սեպտեմբերի 14-ի որոշման դեմ դատարան ներկայացված բողոքում դիրքորոշում էր հայտնել այն մասին, որ կարեւոր հանգամանքներ քննությունից դուրս են մնացել՝ վկայակոչելով մի շարք փաստեր:
Քրեական գործը կասեցնելու որոշման դեմ դատարան ներկայացված բողոքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համանուն նյութ հրապարակեց, որում ներկայացված էին բացթողումները եւ նշվում էր, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը որոշել է արձագանքել gala.tv-ում հրապարակված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի այս նյութին եւ «պարզաբանում» ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին:


























