«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակներից եւ համախոհների բնակարաններից առգրավվել են Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր՝ նոյեմբերի 3-ին, շարունակվել են գործում առկա ապացույցների հետազոտումը:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեցին «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների բնակարանների եւ մարզային գրասենյակների խուզարկությունների արձանագրությունները:
Ըստ արձանագրությունների՝ խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել են թերթիկներ, թռուցիկներ, դեղին թերթեր, ծրարներ, նամակներ, թղթադրամներ, «կասկաներ», լազերային սկավառակներ, վճարման ստացականներ ու նմանատիպ այլ առարկաներ: Արձանագրությունների հրապարակման ընթացքում Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պարբերաբար հայտարարություններով էր հանդես գալիս: Մասնավորապես, «կասկաների» հետ կապված Հայրապետյանը հիշեցրեց, որ դրանք օգտագործվել են Փակ շուկայի եւ Մաշտոցի պուրակի ցույցերի ժամանակ:
«Այս բոլոր իրերը պատկանել են քաղաքական միավորմանը, սակայն առգրավված համակարգիչները, վրաններն ու մյուս իրերը չեն վերադարձվել: Ենթադրենք, որ զանգվածային անկարգություն պետք է արվեր, համակարգիչներն ինչո՞ւ չեն վերադարձվում, դրանցով էին զանգվածային անկարգություն անելու: Այս ամբողջ իրերն առգրավվելով եւ չվերադարձվելով՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում քաղաքական միավորումը: Արձանագրություններում նշված իրերն էլ մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունեն»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը նույնպես բորբոքվեց. «Գոնե նորմալ սովորեք, եկեք կարդացեք, թե չէ երկու ժամ է՝ մի արձանագրություն եք կարդում, հեքիաթներ եք պատմում»:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ու Հակոբ Ենոքյանը շարունակեցին հրապարակել խուզարկությունների արձանագրությունները: «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ նրանց գրասենյակներից, պարզվում է, առգրավվել են նաեւ տետրեր, դրոշակներ, ջերմաչափ, տարբեր տեսակի դեղորայք, պաստառներ, հանքային ջուր, որսորդական լուցկի եւ այլն: Գյումրիի գրասենյակից օրինակ առգրավվել են կերակրի սոդա, ծխախոտի տուփեր, ներարկիչ, «պիպետկա»:
«Մեղադրանքի հիմքում այս խուզարկություններում առգրավված իրերից դրվել է նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» պայմանագրի ձեւը: Այս պայմանագրերը ժողովրդավարություն պետք է բերեին Հայաստան, մինչդեռ դրված են մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Այսօր հրապարակվեց նաեւ «Սարդարապատ» շարժման գրասենյակում կատարված խուզարկության արձանագրությունը: Հայտնաբերված երկու ցուցակներ՝ մարդկանց եւ զենքերի, նույնպես ներառված են մեղադրանքում:
«Արձանագրության մեջ նշված է, որ այս զենքերի ցուցակը 25 տարվա վաղեմություն ունի, բայց դուք դրել եք այն մեղադրանքի հիմքում: 25 տարվա առաջվա ցուցակն ի՞նչ կապ ունի այս գործի հետ»,- հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:
Հատկանշական է, որ այսօրվա նիստում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը թույլատրում էր պաշտպաններին կատարել ցանկացած տեսակի հայտարարություն: Մի անգամ նույնիսկ մեղադրող Հակոբ Ենոքյանը հորդորեց պաշտպանին թույլ չտալ անել քննարկվող թեմայի հետ չառնչվող հայտարարություն, բայց դատավորը չհամաձայնվեց:
«Պաշտպանի իրավունքն է անել հայտարարություններ>,- ասաց Տաթեւիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:
Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին ու Գալուստ Գրիգորյանին:




























