Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կնոջն ամուսնական անհավատարմության մեջ կասկածելու եւ նրան դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող Արթուր Մելիքսեթյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արթուր մելիքսեթյանը անցած տարվա սեպտեմբերին կնոջ հետ գնացել է իրենց աճեցրած բերքը փոխանակելու, իսկ ճանապարհին ավտոմեքենան խափանվել է եւ նորոգելու ժամանակ նկատել է, որ կնոջ հեռախոսին զանգեր են ստացվել եւ երբ հարցրել է, թե ով է զանգահարում՝ ասել է, որ երեխաներն են, սակայն երբ արդեն մեքենայի տակից դուրս է եկել, կրկին հեռախոսազանգ է ստացվել, եւ ինքը կնոջն ասել է, որ հեռախոսը տա, որպեսզի ինքը խոսի: Իր այն հարցին, թե ինչ է անում, կինը պատասխանել է, թե սիրածն է զանգում: Ինքն այդպիսի պատասխանի չի սպասել ու անակնկալի գալով՝ ապտակել է: Այնուհետեւ կինն սկսել է ոտքերով եւ ձեռքերով իրեն հարվածել եւ գոռալով ասել, որ ինքը նրան թույլ տա իջնի, գնա: Մեքենայից իջնելուց հետո կինն ասել է, որ իրենից բաժանվում եւ գնում է ու որ ինչպես ուզի, այնպես կանի: Կինը, ագրեսիվ շարժումներ անելով, ասել է, որ գնում է, իսկ ինքը, նրա շորերից քաշելով ու մի քանի անգամ ձեռքերով հարվածելով, փորձել է թույլ չտալ, որ հեռանա:
Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ իրար քաշքշելու ժամանակ երկուսով վայր են ընկել խողովակից դեպի ճանապարհ ընկած հատվածում, որից հետո կինը գետնից բարձրանալով՝ խողովակից անցել է այն կողմ՝ դեպի ջրատարը: Ինքը նույնպես անցել է այդ կողմ: Այդ ժամանակ կինն ասել է, որ նրան թողնի, որովհետեւ աչքը չի տեսնում: Ինքը տեսնելով, որ կնոջ աչքը արյունոտ է՝ ասել է, որ գնան մեքենայի մոտ, աչքը լվանան եւ տեսնեն, թե ինչ է պատահել: Այդ ժամանակ կինը կանգնելով հրել է իրեն, ինքը ետ քայլ անելով՝ ընկել է ջրատարը: Կինը նույնպես ընկել է ջրատարը: Ջրատարի մեջ տեսնելով, որ կնոջ մազերը փաթաթվել են ծառերի ճյուղերի մեջ, ու նա անկանոն շարժումներ է կատարում՝ մոտեցել է նրան, փորձել է մազերն առանձնացնել ճյուղերից եւ փրկել նրան:
Մի կերպ կնոջը ջրից դուրս է հանել ափ եւ զգացել է, որ նա շարժում չի անում: Կնոջը պառկեցրել է դեմքով դեպի գետին եւ մտածելով, որ ջուր կուլ տված կլինի՝ փորից մի քանի անգամ սեղմել է: Տեսնելով, որ ոչ մի փոփոխություն չկա՝ ծնկած մնացել է նրա կողքին: Մի քանի վայրկյան անց լսել է իր մեքենայի ազդանշանի ձայնը եւ վազել է իր մեքենայի մոտ: Այնտեղ իրեն անծանոթ մարդիկ են եղել, ովքեր հարցրել են, թե ինչով կարող են օգնել: Ինքն ասել է, որ շտապօգնություն կանչեն, որովհետեւ կինը ջրատարում խեղդվել է:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մելիքսեթյանը 2016թ. սեպտեմբերի 19-ին ժամը 22:00-ի սահմաններում կնոջը, կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճել է նրա հետ: Վիճաբանության ընթացքում նախ մեքենայի մեջ, ապա հարակից դաշտամիջյան հատվածում ծեծել է կնոջն ու պարանոցը սեղմելով շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել նրան:
NEWS.am-ի հետ զրույցում Մելիքսեթյանի պաշտպան Համլետ Ստեփանյանը նշել էր, որ իր պաշտպանյալը վստահեցնում է, որ դիտավորյալ չի կատարել արարքը:



























