Հայաստանի ոստիկանությունը չի ուզում դառնալ ՆԳՆ, բայց դրանից պակաս թափանցիկ չի աշխատում: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտրրել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանի մշտական հանձնաժողովներում Հայաստանի  2018-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Նրա կարծիքով, ավելի ճիշտ է, որ Ոստիկանությունը ՆԳՆ-ի իրավունքով Կառավարության անմիջական կազմի մեջ չմտնի, այլ մնա որպես վարչապետին կից մարմին:

«Իհարկե, դա մեր տեսլականն է, ոչ թե Կառավարության ծրագիրը, սակայն դա չի հակասում Սահմանադրությանը, համաձայն որի՝  կարող են լինել Կառավարությանն ու վարչապետին կից մարմիններ», - հավելել է նա:

Ի պատասխան՝ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատել է, որ խորհրդարանում են հաշվետու են լինում միայն նախարարության ղեկավարները, իսկ առանձին ենթակառուցվածքների ղեկավարները կարող են չներկայանալ:

«Չեմ կարծում, որ անհանգստանալու կարիք կա, մեզ դժվար է լինել ավելի թափանցիկ, քան հիմա ենք: Մենք մշտապես հաշվետվություն ենք ներկայացնում կատարված աշխատանքի մասին, այդ թվում նաև Ձեր՝ պատգամավորներիդ առջև», - պատասխանել է Եղիազարյանը: