Դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը, որը հոկտեմբերի 31-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վատացել եւ հիվանդանոց էր տեղափոխվել, շարունակում է մնալ առողջական վատ վիճակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Եղիշե Խաչատրյանի կինը, հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը: Նա նշեց, որ Էմմա Աբրահամյանին նոյեմբերի 3-ին են հիվանդանոցից տեղափոխել տուն, տանն էլ նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Դաժան սպանության միակ վկան դատարանում արդեն 4-րդ անգամն է վատանում, երբ հարցեր են տալիս իր աչքի առջեւ սպանված որդու եւ ամբաստանյալների միջեւ տեղի ունեցած միջադեպի, որդու սպանության վերաբերյալ: Փառանձեմ Մեյթիխանյանի խոսքով, Էմմա Աբրահամյանը նախաքննական ցուցմունքում ամեն ինչ պատմել է եւ այժմ դատաքննության ընթացքում ցուցմունք տալիս նյարդայնանում եւ վատանում է ամբաստանյալների ներկայությունից, նրանց փաստաբանների հարցերից:
«Մենք հասկանում ենք, որ այս գործով միակ վկան է ինքը, բայց առողջական այս վիճակում նա չի կարողանում պատասխանել փաստաբանների տված այդ հարցերին, ըստ էության, նա դատաքննական ցուցմունք տվել է, մնացել է պատասխանել փաստաբանների հարցերին: Փաստաբանները ուրիշ քաղաքականություն են ընտրել, բայց, ինչ ասեմ՝ ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխանատու: Նա ասում է, ես չեմ կարող շնչել այն օդը, որտեղ այդ թափթփուկներն են նստած եւ դատարան գնալու մտքից էլ վատանում է»,-ասաց նա:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:


























