ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը` ի դեմս նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի, եւ Փարիզի ակադեմիան` ի դեմս Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի Համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուի, այսօր կնքել են գործընկերության համաձայնագիր: Համաձայնագրի նպատակը կողմերի միջեւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների ստեղծումն է՝ երկու երկրներում կրթական համագործակցության ծրագրերի զարգացմանը նպաստելու նկատառումով:

ՀՀ ԿԳ նախարարի նախարարի Վահրամ Մկրտչյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ փաստաթղթի ստորագրումը նոր հնարավորություն է` Հայաստանում ֆրանկոֆոն համատեղ կրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Նրա խոսքով` համաձայնագրով երկու կողմերը կնպաստեն ուսանողների եւ աշակերտների շարժունության ապահովմանը: «ՄԵնք պետք է անենք հնարավորը` մեծացնելու երիտասարդների հետաքրքությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ: Առաջիկայում հանրությունն ականատես կլինի այս ուղղությամբ լուրջ կրթական ծրագրերի իրականացմանը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը:

Փարիզի ակադեմիայի ռեկտոր Ժիլ Պեկուն իր հերթին նշել է, որ այսօր ստորագրվել է պատմական փաստաթուղթ, որը լիովին իր մեջ ներառում է երկու երկրների մտավոր, մշակութային եւ քաղաքական հարաբերությունները: «Համաձայնագիրը նաեւ հեռանկարներ է բացում մեր երկու երկրների առջեւ`  հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ: ՄԵնք պետք է մեր ամբողջ ներուժը ներդնենք ոչ միայն Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ դպրոցի կայացման, այլ նաեւ ՀՀ դպրոցներում ֆրանսերենի զարգացման ուղղությամբ»,-նշել է Ժիլ Պեկուն` ընդգծելով, որ պատահական չէ, որ փաստաթղթի ստորագրմանը ներկա է գտնվում ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանը, ով, ռեկտորի խոսքով, իր ստանձնած առաքելության կարեւոր բաղադրիչ է համարում կրթությունը:

Նշենք, որ համաձայն փաստաթղթի` կողմերը պարտավորվում են սատարել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության ծրագրերը, մասնավորապես ֆրանսերենի կամ ֆրանսերենով դասավանդվող դասընթացներ առաջարկող հայկական համալսարանների եւ Փարիզի գործընկեր համալսարանների միջեւ` խրախուսելով ուսանողների եւ դասավանդողների շարժունության, ինչպես նաեւ համատեղ հետբուհական կրթության եւ հետազոտական ծրագրերի զարգացումը, խրախուսել սովորողների շարժունությունը մասնագիտական կրթության ոլորտում եւ այլն:

Միջոցառման ընթացքում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Բենիամին Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցը եւ Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցը եւս ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ ֆրանսերեն լեզվով դասավանդում իրականացնող այս  երեք ուսումնական հաստատությունների միջեւ համագործությունն ամրապնդելու նպատակով:

Նշենք, որ Փարիզի ակադեմիան Փարիզ քաղաքի դպրոցական եւ համալսարանական տեղամասն է, որտեղ 2017-2018 ուսումնական տարում սովորում է 327 375 աշակերտ՝ 1124 դպրոցական հաստատություններում եւ 337 906 ուսանող, որոնցից 60 000-ը` օտարերկրացի: Ակադեմիայի ռեկտորը նշանակվում է հանրապետության նախագահի կողմից եւ սահմանում այս հաստատությունների կրթական քաղաքականությունը եւ համակարգում նրանց գործունեությունը (շուրջ 28 000 աշխատակից):