Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողներին հայտարարեց, որ «Ա1+» հեռուստաընկերությունը մրցույթին մասնակցելու համար ներկայացրած փաստաթղթերում եւ հայտում կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Հենց դրանով էլ նա բացատրել է քվեարկության ժամանակ իր կողմից «Ա1+»-ին 0 միավոր տալը:

Մասնավորապես, ըստ Ամալյանի, իրենք հարցում են արել այն երկրներին՝ Մեծ Բրիտանիա եւ Բելիզ, որտեղից 2 հեղինակավոր ընկերություններ, ըստ «Ա1+»-ի հայտի, աջակցություն են ցուցաբերելու «Ա1+»-ին: Նման հարցում անելու համար հիմք է դարձել այն, որ այդ ընկերություններից մեկի կնքված փաստաթղթերում կնիքի վրա նշված է եղել այլ անուն։

Մեծ Բրիտանիայից պատասխան է եկել, որ իրենց երկրում ոչ փաթեթում, ոչ էլ կնիքի վրա նշված անուններով ընկերություններ չեն գործում: Իսկ մյուս ընկերության դեպքում էլ պարզվել է, որ այդ ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ գոյություն չունի։

 «Բիզնես ծրագրում առկա կեղծիքները վկայում են, որ ընկերությունը հնարավորություն չունի իրականացնելու իր ծրագիրը։ Ընկերությունը նախատեսում է միջոցների ներգրավում, որը, փաստորեն, չունի»,- նշել է Ամալյանը։

Հարցին, թե արյդյոք, ՀՌԱՀ-ի այս որոշումը չի ազդի Հայաստանի միջազգային հեղինակության վրա, Ամալյանը պատասխանեց, որ հանձնաժողովը քաղաքական մարմին չէ, եւ չի զբաղվում միջազգային կառույցներում Հայաստանի հեղինակությանը վերաբերող հարցերով:

Հիշեցնենք, որ այսօր՝ ՀՌԱՀ-ի նիստում թիվ 11 մրցույթում «Ա1+»-ն ստացել է 2 միավոր, իսկ նրա մրցակից «Արմնյուզը»՝ 44 միավոր:

Հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ին 0 միավոր են տվել եւ միայն մեկն է 2 միավոր տվել:

Մեկ այլ մրցույթում «ԱԼՄ» հեռուստաընկերությունը զրկվել է եթերից. Նա պարտվել է «Երեւան» հեռուստաընկերությանը:  

Բացի այդ, ՀՌԱՀ-ի այսօրվա նիստում հեռարձակման արտոնագիր են ստացել ՝ «Արմենիա», «Շանթ», «Հայկական 2-րդ հեռուստաալիք», «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները: