Ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են ցավոտ խնդրին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով Բաքվում եւ երկրի այլ քաղաքներում փախստականների կողմից բնակարանների գրավման հետ: Սակայն լրատվամիջոցները միաժամանակ խուսափում են նշել, որ գրաված բնակարանների մեծ մասի տերերը հայերն էին: Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանի լրատվամիջոցները եւ իշխանությունները հետաքրքրվում են բնակարանների բացառապես այն մասով, որոնց տերերն ադրբեջանցիներ են եղել, որոնք հայերից բնակարանները գնել են, բայց չեն հասցրել տեղափոխվել այնտեղ: Ունեցվածքը թողած եւ Ադրբեջանից փախած կամ ուղղակի սպանված հայ սեփականատերերին Ադրբեջանի իշխանություններն ուղղակի չեն հաշվարկում:

Ներկայումս Ադրբեջանում ավելի քան 4 հազար փախստական ընտանիքներ նախկինի նման բնակվում են ապօրինի բնակեցրած բնակարաններում, որոնք համարվոմ են այլ քաղաքացիների ունեցվածքի մասը, հայտնում է haqqin.az-ն: «Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի մամուլի քարտուղար Էլչին Հադիմովը ընդունում է, որ նման խնդիր կա, սակայն, ըստ ամենայնի, դա մեջ առանձնահատուկ աղետ չի տեսնում: «Անցյալ դարի 90-ական թվականներին հարկադիր տեղահանվածներն իսկապես գրավել են մի շարք բնակարաններ, որոնք այդ ժամանակ դատարկ էին: Պետությունն արդեն 30 ընտանիքի վերաբնակեցրել է, որոնք բնակվել են ուրիշի բնակարաններում: Այսօր աշխատանքներ են կատարվում հանրակացարաններում եւ վթարային շենքերում բնակվող փախստականներին բնակարանով ապահովելու համար»,- haqqin.az-ին հայտնել է մամուլի քարտուղարը:

Այսինքն՝ պետական կոմիտեի աշխատակիցը հասկացրել է, որ բնակարաններ կհատկացվեն առաջին հերթին անհարմարավտ պայմաններում բնակվող փախստականներին եւ տեղահանվածներին, այլ ոչ թե նրանց, որոնք ինքնակամ գրավել են ուրիշի բնակարանները, արձանագրել է աղբյուրը: Փաստաբանների խոսքով՝ որոշ դեպքերում, եթե տերերը դատարան են դիմել, որոշում ընդունվել է, սակայն չի կատարվել: