«Ա1+»-ին եթերից զրկելու ՀՌԱՀ-ի որոշումը Հայաստանի շահերին դեմ գնացած որոշում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից թվային հեռարձակման մրցույթում վարկանիշային քվեարկությանը, որի արդյունքներով «Ա1+»-ին կրկին հնարավորություն չտրվեց վերադառնալ եթեր:

«Այդ հանձնաժողովն անում է հնարավորը՝ ոչնչացնելու գաղափարների մրցակցությունը հեռուստատեսային դաշտում, որպեսզի միայն գորշ գաղափարները գերիշխեն, որոնց վրա էլ հենվում է այսօրվա իշխանությունը: Սա քաղաքական քյալ էր եւ անձամբ Սերժ Սարգսյանն էր կայացրել որոշում՝ զրկել «Ա1+»-ին հեռուստատեսային դաշտ վերադառնալու հնարավորությունից»,-նշեց Կարապետյանը: Նրա խոսքով՝ արդեն 8 տարի է, ինչ այդ անկախ հեռուստաընկերությունը փորձում է իր տեղը նվաճել հեռուսատատեսային դաշտում, սակայն իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի դա տեղի չունենա: Ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ ՀՌԱՀ-ի այս որոշման վերաբերյալ միջազգային արձագանքը բավական կոշտ կլինի: «Ա1+»-ի փաստաբանները պետք է ակտիվացնեն իրենց աշխատանքը որոշումը վիճարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նաեւ այլ ինստիտուտներում, մասնավորապես ՝ ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում: Կարապետյանի խոսքով՝ մամուլի եւ խոսքի ազատության հարցերով զբաղվող պետական եւ հասարակական կազմակերպությունները, հարկավ, պետք է  արձագանքեն ՀՌԱՀ-ի որոշմանը:  

Հիշեցնենք, որ այսօր՝ ՀՌԱՀ-ի նիստում թիվ 11 մրցույթում «Ա1+»-ն ստացել է 2 միավոր, իսկ նրա մրցակից «Արմնյուզը»՝ 44 միավոր:

Հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ին 0 միավոր են տվել եւ միայն մեկն է 2 միավոր տվել: Ըստ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի՝ «Ա1+» հեռուստաընկերությունը մրցույթին մասնակցելու համար ներկայացրած փաստաթղթերում եւ հայտում կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Հենց դրանով էլ պայմանավորվել է քվեարկության ժամանակ իր կողմից «Ա1+»-ին 0 միավոր տալը:

Մեկ այլ մրցույթում «ԱԼՄ» հեռուստաընկերությունը զրկվել է եթերից. Նա պարտվել է «Երեւան» հեռուստաընկերությանը: Բացի այդ, ՀՌԱՀ-ի այսօրվա նիստում հեռարձակման արտոնագիր են ստացել ՝ «Արմենիա», «Շանթ», «Հայկական 2-րդ հեռուստաալիք», «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները: