Բրիտանացի Դեւիդ Բալանթայնը Դուբայում բանտ է ընկել տաքսու վարորդին չվճարելու համար։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Բալանթայնի խոսքով՝ միջադեպը տեղի էր ունեցել 2013-ի մայիսին։ Նա տաքսի էր նստել ընկերների հետ, եւ նրանց միջեւ միանգամից վեճ էր ծագել, թե ով է մեքենայով շարունակելու ճանապարհը։ Նրանք վարորդին խնդրել էին կանգ առնել։ Մեքենան 45 մ էր անցել մինչեւ մոտակա ոստիկանական սպային հասնելը։ Տաքսիստը սպային բողոքել էր, եւ վերջինս էլ Բալանթայնին ասել էր, որ նա պարտավոր է վճարել։

Տղամարդը պնդում է, որ անմիջապես 10 արաբական դիրհամ է վճարել՝ մոտ 2 ֆունտ ստեռլինգ։ Սակայն վարորդը պնդում է, որ իրեն ոչինչ չեն վճարել։ Նա դուրս էր եկել մեքենայից եւ բռունցքներով հարձակվել բրիտանացու վրա։ Դրանից հետո Բալանթայնին  կալանավորել էին։

Դատարանը բրիտանացուն 69 օրով կալանավորել էր տաքսու վարորդին չվճարելու համար եւ մեղադրել էր երկրում գտնվելու կարգը խախտելու մեջ, քանի որ բանտում գտնվելու ժամանակ նրա վիզայի ժամկետը լրացել էր։ Իսկ անձնագիրն էլ առգրավել էին։

Նա դատարանի վճռին սպասելով ԱՄԷ-ում 2 տարի է անցկացրել։ Նա ստիպված է եղել գիշերել հյուրանոցի զուգարաններում, քանի որ գումարը վերջացել էր, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը որեւէ օգնություն չէր ցուցաբերել։