Երեւանում այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13:20-ի սահմանում Թբիլիսյան խճուղում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 11 ՏՍ 213 համարանիշի եւ Nissan Skyline մակնիշի 50 XՏ 101 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի, որից 3-ին ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ -փրկարարական ջոկատը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը աղջիկ է եղել, նա դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ ճակատ ճակատի բախվել 06-ին: Մինչ հետաքննիչները դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է։

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի՝ ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ  հատկանիշներով: