Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալի ձերբակալման որոշումը դատարանը ոչ իրավաչափ է համարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նրա շահերի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից։
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, 2017 թվականի նոյեմբերի 3-ին քննության առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալի՝ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը բավարարել է այն եւ հաստատել, որ պաշտպանյալի անձնական ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է եղել:
Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով (Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը):


























