ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը սեպտեմբերի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը եւ առաջնայնություններին առնչվող հարցերին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ ծավալված համագործակցությանը:
Դեսպան Նազարյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի կապակցությամբ ու կարեւորել 2010-2015թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի մշակման գործընթացում ՀՀ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակն իր գործունեությունը ծավալելիս կառաջնորդվի հօգուտ Հազարամյակի զարգացման նպատակների եւ Հայաստանի համար առաջնայնություն հանդիասացող հիմնախնդիրներով:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:




























