Երկրում սոցիալական վիճակը գնալով խորանում է, գնաճն անկանախատեսելի թռիչքներ է ապրում, իսկ Կենտրոնական բանկի կանխատեսումները չեն իրականանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 16-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա խոսքով՝ պատկան մարմիններն ի զորու չեն կանխելու երկրում գնալով ուժգնացող սոցիալական բեւեռացումը:

«Այս բոլորը խաղ է, այսինքն` ծրագրավորված քաղաքականություն է` մոնոպոլ դիրք ունեցողները թելադրող են շուկայում: Դրանից գյուղացին է տուժում: Սա նշանակում է, որ մենք չունենք պետական մտածողություն ունեցող իշխանություն»,-նշեց Հարությունյանը: Նրա խոսքով՝ իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքն է, որ Հայաստանից այսօր շատերը հեռանում են եւ երկրագնդի տարբեր ծայրերում իրենց հանապազօրյա հացն են վաստակում:

Նա անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականությանը, նշելով, որ ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվել է: «Մեր «օգուտը» եղավ այն, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում ակտիվ դերկատարություն ունեցավ»,-նշեց ՀԺԿ ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչման հարցին, ապա, ըստ Հարությունյանի,  այդ հարցն այժմ բարձրացնելը ճիշտ քայլ չէ: «ԼՂՀ ճանաչման հարցն այն հարցն է, որի շուրջ նախ պետք է ներքին խոհանոցում համաձայնության գային եւ նոր միայն հարցը դրվեր քննարկման»,-նկատեց ՀԺԿ ներկայացուցիչը:

Նա նաեւ հավելեց. «Մադրիդյան սկզբունքները մեր դիվանագիտության պարտությունն են: Այստեղ ինքնորոշման հարցը դրված է ամենավերջում: Սկզբում խոսում են տարածքների վերադարձման մասին, ինչը նշանակում է, որ սահմանը կերկարի 300 կիլոմետրով, հետո իրականացվելու է փախստականների վերադարձ, միջազգային ուժերի տեղակայում, եւ հետո նոր կմտածեն ինքնորոշման մասին»: Գրիգոր Հարութունյանի գնահատմամբ, փոխզիջումը ենթադրում է որոշակի զիջումներ: Սակայն մինչև չորոշվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, որեւէ զիջման մասին խոսք լինել չի կարող: