Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծին, որով հանվում է տարկետման իրավունքը:
«Այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահպանել են, դրանցում գիտության որակի պիկ կա», - ասաց նա:
«Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերի ներքո է, և ապրիլը կարող է միշտ կրկնվել: Մենք մի մտածողություն ունենք, որ երեխան պետք է ավարտի, կրթության հարցը արագ փակի ու անցնի կյանք: Իրականում աշխարհում լավագույն համալսարաններում տեղի է ունենում հետեւյալը՝ 12-ամյա կրթությունն է պարտադիր, դրանից հետո մարդն ստանում է իր որակավորումը, դուրս է գալիս կյանք, աշխատում է, որոշում է, որ մի հատ ուրիշ ավելի լավ որակավորման կարիք ունի, հետ է գալիս»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով, երբ իրենք վերլուծում են, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական թեզեր ու նրանցից քանիսն են մնացել գիտության մեջ, պատկերն այնքան էլ հուսադրող չէ:
Դիտարկմանը, թե արդյոք դա հարված չի՞ լինի պաշտոնյաների որդիների համար, որոնք չեն ծառայում, նախարարն ասաց. «Թող ծառայեն։ Պաշտոնյաները թող ծառայեն, ուշադիր հետեւեք, թող գնան եւ ծառայեն»։
Նախարարը նաեւ նշեց, որ տարկետման իրավունքի վերացումը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը եւ ուսանողներն այլեւս կես միավորի տարբերությամբ ստիպված չեն լինի չընդունվել կամ ցածր միավոր հավաքել ու չզորակոչվել բանակ. «Մենք նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը՝ սոցիալական արդարությունը պահելով։ Բոլորի համար գործում է մեկ օրենք»։




























