Հայ ազգային կոնգրեսը շարունակում է իր ակտիվ գործունեությունը, իսկ կանխատեսումներն այն մասին, թե քաղաքական այդ դաշինքը շուտով փլուզվելու է՝  չիրականացան։ Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը։ Նա որպես օրինակ նշեց մարդու իրավունքների միջազգային օրը ՀԱԿ-ի կազմակերպած երթը՝ նշելով, թե այն ցույց տվեց, որ ՀԱԿ-ն այսօր քաղաքական դաշտում միակ գործող իրական ընդդիմադիր ուժն է:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Հարությունյանն անդրադարձավ Երեւանի նախկին քաքաղապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված պատմությանն ու դրան հաջորդած զարգացումներին՝ դրանք անվանելով «ընտրությունների նախօրյակի վերադասավորումներ»:

«Սա իմ անձնական կարծիքն է, Կոնգրեսին չվերագրեք։ Այստեղ պարզապես խաղ է գնում, որովհետեւ այդ թեկնածուների անունը, որ շրջանառվում է այսօր, նաեւ քաղաքապետի ընտրություններից առաջ կային, եւ լուրջ քննարկումներ կային։ Այն ժամանակ, գուցե, իշխանությունները մի քիչ խուսափում էին, մաքուր ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների չէին ուզում, էն ժամանակ դեռ իրենց համար երեւի ռիսկային էր, մարտի 1-ի գործոնը կար»,-նկատեց  Հարությունյանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքապետի ամենահավանական թեկնածուն՝  «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը ղարաբաղյան ծագում ունի: