«Ծառուկյան» դաշինքում դեռ չեն քննարկել՝ ինչպես են քվեարկելու 2018 թվականի բյուջեի նախագծին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Բոստանջյանը։
«Այս ոլորտներին հատկացված ֆինանսավորումը, այս սուղ ֆինանսական պայմաններում միակողմանի խնդիրներ է լուծելու, չեմ ուզում ողբերգություն սարքել, հասկանում եմ, որ ամենայն հավանականությամբ մենք չունենք անհրաժեշտ միջոցներ։ Այս ոլորտները պահանջում էին ֆինանսավորման բարձրացում։ Այս կտրվածքով դեռեւս խմբակցությունը պետք է քննարկի՝ինչ վերաբերմունք ունենալ 2018 թվականի բյուջեի վերաբերյալ»։
Պատգամավորի խոսքով, թե ձեռնպահ, թե դեմ կարելի է քվեարկել այս նախագծին, քանի որ որեւէ ոլորտում առաջընթացի նվազագույն մակարդակ չի կարողացել ապահովել։
«Կենսաթոշակի, եկամուտների կտրվածքով խնդիրներ կան եւ այս գնաճի պարագայում պարզ է, չէ՞ ինչպիսին է, ի՞նչ եք ուզում ասեմ, ամեն ինչ պարզ է։ Քանի որ ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունը կքննարկի, միասնական դիրքորոշում կկայացնի»,–ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։



























