Ամուսնու սպանության եւ ամուսնական դավաճանության մեջ մեղադրվող իրանցի կնոջ՝ Սաքինե Աշտիանիի նախկին փաստաբան Մուհամադ Մուստաֆան պատմել է, որ կենդանության օրոք ամուսինը վաճառել է կնոջը, որպեսզի թմրանյութեր գնի։

«Ես այդ մասին չեմ կարող լռել. դա իմ պարտականությունն է՝ խոսել նրա անունից», հայտնում է Daily Mail-ը։

Աշտիանիի խոսքով, հայրը ստիպել է իրեն ամուսնանալ Գադերզադեի հետ, ով իրենից շատ ավելի մեծ էր։ Ամուսնությունից երկու երեխաներ են ծնվել։ Ամուսինը շարունակել է ծեծել կնոջը, իսկ հետո սկսել է թմրամիջոցներ օգտագործել։

Կնոջ խոսքով, ամուսնու թույլտվությամբ, իրեն բռնաբարել են սեփական տան մեջ, որպեսզի ստացած գումարով ամուսինը թմրանյութ գնի:

Նա նշել է, որ հանրությունը փորձում է իրեն ներկայացնել իբրեւ անբարոյական կնոջ, սակայն իրեն սպանության դրդել է իր հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը:

43-ամյա Սաքինեն, որը մեղադրվում է ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանության հետ կապ ունենալու մեջ, դատապարտվել է մահվան` քարկոծման եղանակով: Նրան աջակցություն էին հայտնել Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը: Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ ապաստան կտրամադրի Սաքինեին: