Ամերիկյան դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել ԱՄՆ մի քաղաքացու, ով փորձում էր Ռուսաստանին եւ Իրանին ռազմական տեխնիկա վաճառել:
Դատական փաստաթղթերում նշված է, որ Կալիֆորնիայի բնակիչ Մարկ Քնափփը 7 ամսվա ընթացքում փորձեր է ձեռնարկել վաճառել F-5B Tiger II թեթեւ կործանիչ, կապի միջոցներ, կատապուլտի աթոռ, օդաչուի հատուկ սարքավորումներ:
Քնափփը երկու անգամ ԱՄՆ-ից Հունգարիա է ուղարկել մի քանի հատուկ համազգեստներ: «Ռուս գնորդների» համար նախատեսված չորս վթարային ռադիոկայաններ նա հասցրել է վաճառել FBI-ի գաղտնի գործակալներին:
Նա իրավապահներին էլեկտրոնային նամակ է հղել՝ ապրանքների լուսանկարներով եւ պայմանավորվել ինքնաթիռն ուղարկել Դելավեր նահանգ, այնտեղից էլ Իրան: Չարագործին ձերբակալել են հանդիպման ժամանակ:
Քնափփին 40 տարվա բանտարկություն, 3 տարվա վերահսկողություն ու 2 մլն դոլարի տուգանք է սպառնում:





























