Հայաստանի կառավարող կուսակցության ներկայացուցիչը մեկնաբանել է իրավիճակի վերջին սրացումները, որոնք արտահայտվեցին ազգայնականների ակցիաներով եւ իրավապահների ու Կովկասից ժամանածների վրա նրանց հարձակումներով:

«Այդ գործընթացները վնաս են հասցնում Ռուսաստանին, եւ դա առաջին հերթին»,- հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները եւս բացասական են վերաբերում նման դրսեւորումներին: «Այնտեղ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում»,- նկատել է Սահակյանը՝ հավելելով, որ ֆաշիստական տրամադրությունները Ռուսաստանում պարզապես անթույլատրելի են:

Նշենք, որ դեկտեմբերի 11-ին զանգվածային բախումներ են եղել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում: Ցուցարարները բղավում էին «Ռուսաստանը ռուսների համար», «Մահ խաչիկներին» եւ այլ կարգախոսներ:

Ակցիաները շարունակվել են նաեւ դեկտեմբերի 15-ին, եւ ոստիկանությունը ավելի քան 1300 մարդ է ձերբակալել:

Մոսկվայում անկարգությունների արդյունքում տուժել են երկու անչափահաս հայեր, եւս մեկին դանակի 12 հարված էին հասցրել Կրասնոդարում: Բժիշկներին հաջողվել էր փրկել վերջինիս կյանքը: