Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 16-ին քննարկել է Աֆղանստանում խաղաղարար առաքելության թվաքանակի եւ տեղակայման ժամկետների երկարաձգման վերաբերյալ միջազգային պայմանագիրը:
Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայկական զորակազմի թվաքանակի, նաեւ առաքելության ժամկետների ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի համապատասխան ռազմավարության հետ, որը ենթադրում է Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղարարների թվաքանակի աճ: Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ ցանկացած դեպքում ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել իր զորակազմը Աֆղանստանից հանել մինչեւ 2014թ.:
Նա ընդգծել է, որ Հայաստանն այդ հարցում պետք է գործի ՆԱՏՕ-ի հետ համահունչ եւ ավելացնի իր ներկայությունը Աֆղանստանում:
Տվյալ առաջարկը, որքան էլ զարմանալի է, հայ խորհրդարանականների կողմից ընդունվել է միաձայն ոգեւորությամբ՝ անկախ նրանց քաղաքական հաայցքներից: ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը նկատել է, որ Հայաստանը պետք է ավելացնի իր ներկայությունն Աֆղանստանում եւ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու դրան:
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նույնպես աջակցել է նախաձեռնությանը եւ ասել, որ դա կավելացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը:





























