2017 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 29568 դիմում եւ գրություն, որոնցից 1126-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1600-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բոլոր դիմումներին եւ գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:
Նույն ժամանակահատվածում տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 210 հարցում էլ նախարարությունը ստացել է զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով:
Բոլոր հարցումներին պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Միեւնույն ժամանակ անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:
Ե´վ բանավոր, ե´ւ գրավոր հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկություն տրամադրելու համար որեւէ վճար եւս չի պահանջվել:
Ընթացիկ տարվա 10 ամիսներին նախարարությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացել է 12 հարցում:
Նշված ժամանակահատվածում ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկության վկայականներ են ստացել 335 քաղաքացիներ:
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու 1387 լիցենզիա եւ ներդիր, անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 18 լիցենզիա եւ 467 ներդիր, փոստային կապի գործունեության 3 լիցենզիա եւ 6 ներդիր, արտաքին առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային եւ (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 736 լիցենզիա, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա եւ 2 ներդիր:



























