Դաշնակցությունը դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած ազգամիջյան բախումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանում բնակվում են օրինապաշտ բազմաթիվ հայեր, որոնց թվում այնքան շատ չեն քրեական տարրերը, ինչքան ադրբեջանական համայնքում:

«Անհրաժեշտ է տարբերակված մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների եւ ներգաղթյալների նկատմամբ», - նշեց Կարապետյանը: Նրա կարծիքով, Մոսկվայում տեղի ունեցած բախումները պետական քաղաքականության հետեւանք չեն, այլ` ծայրահեղական, տարերային դրսեւորումներ են:

«Խոստացել են, որ ազգամիջյան ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունները կհետաքննվեն դատական կարգով: Ժամանակը ցույց կտա, թե ինչ պատասխանատվության կենթարկվեն մեղավորները եւ, առհասարակ, ինչպես է պետք պայքարել երեւույթի դեմ», - ասաց պատգամավորը:

Հրայր Կարապետյանը համաձայն է Պուտինի հետ, որ կովկասյան ազգություն չկա: Անհրաժեշտ է տարբերակված մոտեցում: Հայերի նկատմամբ ռուս ժողովուրդը պետք է հատուկ մոտեցում ունենա, քանի որ մենք կապված ենք պատմությամբ ու բարեկամությամբ: