Աշխարհի 167 պետությունների թվում Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 109-րդ տեղում է: Այս մասին արձանագրել է Economist հանդեսի վերլուծական հավելվածի հրապարակած հերթական հետազոտությունը:
Աշխարհում ժողովրդավարության մակարդակին վերաբերող իր ուսումնասիրությունների արդյունքը Economist Intelligence Unit-ը հրապարակում է երկու տարին մեկ: Նման զեկույց վերջին անգամ Economist-ի վերլուծաբանները հրապարակել են 2008 թվականին:
Նախորդ զեկույցի համեմատ` Հայաստանն իր դիրքերը բարելավել է 4 կետով: Կոնկրետ ցուցանիշների առումով, սակայն, Հայաստանում որեւէ բարելավում 2008-ի համեմատ բրիտանացի մասնագետները չեն արձանագրել. Հայաստանում չափազանց ցածր է թե քաղաքական մշակույթի մակարդակը եւ թե կառավարման համակարգի արդյունավետությունը: Միջինից ցածր է գնահատված նաեւ հայաստանյան ընտրական համակարգի վիճակը:
Հայաստանի դիրքերը բավական խոցելի են նաեւ այսպես կոչված «քաղաքական ներգրավվածության» ոլորտում: Այստեղ տիրող կացությունը որոշելու համար Economist-ը մի շարք ցուցանիշներ է հաշվի առնում` ընտրություններին քվեարկողների մասնակցության մակարդակից մինչեւ կանանց ներկայությունը խորհրդարանում եւ շարքային քաղաքացիների` ազատորեն ցույցեր ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:
Միակ ոլորտը, որը Economist Intelligence Unit-ի կողմից համեմատաբար բարձր է գնահատել, քաղաքացիական ազատությունների մակարդակն է: Բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանի ցուցանիշները հեռու են աշխարհի առաջատար պետություններից` Հայաստանն այստեղ Վենսուելայի եւ Մալազիայի հետ նույն մակարդակի վրա է:
Այս տիպի պետություններում տիրող իրավիճակին Economist-ը հետեւյալ ամփոփ բնութագիրն է տալիս. «Կառավարման նման համակարգերի առկայության դեպքում ընտրությունները, որպես կանոն, զգալի թերություններ են ունենում, ինչն անհնար է դարձնում դրանց որակումը որպես ազատ եւ արդար: Տարածված երեւույթ է կառավարության կողմից ընդդիմադիր կուսակցությունների եւ թեկնածուների դեմ ճնշումների կիրառումը: Օրենքի իշխանությունը շատ թույլ է: Նման ռեժիմներին բնորոշ են նաեւ լրագրողների նկատմամբ հալածանքները, իսկ դատական համակարգը անկախ չէ»:
Economist-ի վերլուծական հավելվածի համաձայն` «հիբրիդային ռեժիմների» թվին են դասվել նաեւ Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Ադրբեջանն ու Իրանը զեկույցի հեղինակների կողմից բնութագրվել են որպես «կառավարման ավտորիտար համակարգ ունեցող պետություններ»: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























