ԵԽԽՎ Դիտորդական հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն ափսոսանք են հանյտնել 2008թ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ստեղծված փաստահավաք խմբի կազմալուծման առնչությամբ, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են Խմբի նախկին անդամները հունիսի 17-ին, համազեկուցողների հետ ունեցած հանդիպումից հետո։ Ինչպես հաղորդել են Խմբի նախկին անդամները, համազեկուցողները ջանացել են պարզել իրենց միջեւ ծագած տարաձայնությունների պատճառները եւ առաջարկել են գործի վերաբերյալ հավաքված բոլոր նյութերն ուղարկել մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով խորհրդարանում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովին։

Եթե կառավարող կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը պնդում է, թե Խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը բոլոր հավաքված նյութերն արդեն ուղարկել է հանձնաժողովին եւ Խմբի գործունեությունը կարելի է ավարտված համարել, ապա ընդդիմության ներկայացուցիչներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը համոզված են որ Խումբը պարտավոր է շարունակել աշխատանքն այդ ուղությամբ։ «եթե նախագահի հրամանագրում նշված է Խմբի անդամների անփոխարինելիության մասին, իսկ նախագահն այն լուծարել է, ապա միայն մեկ ճանապարհ է մնում, որը նշել է պրն. Կոլոմբիեն` բոլոր նյութերն ուղարկել հանձնաժողովին», ընդգծել է Ռոբերտ Ավագյանը։

Իր հերթին, Խմբում ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը որքանով կկարողանա գլուխ հանել այդ փաստաթղթերից, եւ մտահոգություն է հայտնել, որ այդ նյութերը, վերջիվերջո, կամ կկորչեն կամ էլ կմնան չհասկացված։ Քոչարյանի խոսքով, հանդիպման ընթացքում կարծիքներ են հնչել սպանությունների հանգամանքների հետաքննությանը միջազգային դիտորդներ ներգրավելու անհրաժեշտության մասին, քանի որ այդ դեպքում, ինչպես կարծում է Քոչարյանը, փաստահավաք Խումբը գործունեության ամենապատասխանատու փուլում չէր կազմալուծվի։