Ռուսաստանի ՆԳ նախարարի հայտարարությունը, թե անվիզա ռեժիմով երկրներից ավելի քան 30 օրով ՌԴ ժամանող բոլոր օտարերկրացիների համար պարտադիր կերպով մատնահետք եւ լուսանկար վերցնելու համակարգ է կիրառվելու, լիովին արդարացված է։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային փոխնախագահ Գերման Անանյանցը։
Նրա խոսքով՝ ՌԴ ժամանող շատ միգրանտներ հակաօրինական գործողություններ են կատարում, որից հետո անպատիժ հայրենիք են վերադառնում։
«Նրանց շատ դժվար է լինում գտնել, քանի որ կեղծում են անձնագրերը եւ ուրիշի անվան տակ նորից գալիս են մայրաքաղաք»,- ասել է Անանյանցը՝ հավելելով, որ ոստիկանությունում նրանց մատնահետքի առկայությունը շատ կօգնի գտնել այդ իրավախախտներին։ Նա նաեւ նշել է, որ դրանում ոչ մի առանձնահատուկ եւ վատ բան չի տեսնում։
Միաժամանակ ՌՀՄ տարածաշրջանային փոխնախագահը նշել է, որ ինքը նույնպես անցնում է այդ ընթացակարգերը օդանավակայանում երկիր մուտք գործելիս, ինչը, ըստ նրա, մարդու իրավունքների ոտնահարում չէ։ Սակայն Անանյանցը չի բացառում, որ հարցը դիտարկվի միջազգային իրավունքի ոտնահարման տեսակետից։
Հարցին, թե արդյոք դա չի հանգեցնի հետխորհրդային տարածքից, մասնավորապես, Հայաստանից միգանտների հոսքի կրճատմանը, Անանյանցը պատասխանեց, որ ոչ, քանի որ Ռուսաստան ժամանող անձանց մեծ մասը աշխատանքային միգրանտներ են, եւ նրանք երկրի տարածքում գտնվում են ժամանակավոր աշխատանքի համար՝ հետագայում հայրենիք վերադառնալու նպատակով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը հայտնել էր, որ ՌԴ-ում պարտադիր կդառնա առանց վիզայի երկրներից ժամանող արտասահմանցիների մատնահետքերը վերցնելն ու լուսանկարելը։ Նրա խոսքով՝ երատեսչությունը մտադիր է առանց վիզայի երկրներից ավելի քան 30 օրով Ռուսաստան ժամանող բոլոր արտասահմանցիների համար պարտադիր դարձնել մատնահետք վերցնելը եւ լուսանկարելը: Ըստ որում՝ Կոլոկոլցեւը նշել է, որ սա կմտցվի միայն համապատասխան բյուջետային ֆինանսավորում ստանալուց հետո: «Մենք այս հարցին երկու ձեռքով միշտ կողմ ենք: Ցավոք, բյուջետային ֆինանսավորումը կախված չէ մեր եւ ձեր ցանկություններից: Հենց այս հարցն ամբողջական ծավալով լուծվի, կլուծվի նաեւ այն հարցը, որի մասին դուք խոսում էիք»,- ասել է ՌԴ ՆԳ նախարարը։
«Միգրանտների կատարած հանցագործությունների թիվը 9 տոկոսով կրճատվել է: Ընդհանուր ծավալում այսպիսի հանցագործությունների տեսակարար կշիռը 4 տոկոսից չի անցնում, սակայն առանձին շրջաններում ազգամիջյան լարվածության աճի սպառնալիք է առաջանում»,- չորեքշաբթի նա ասել է Պետական դումայում։



























