Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորների եւ դատախազի մասնակցությամբ կաշառք վերցնելու գործով ամբաստանյալների պաշտպանների միջնորդույթունը: Պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող Դավիթ Կարապետյանին, սակայն, խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժել է այն:
Բացի այդ կալանքի տակ գտնվող ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդություն են ներկայացրել բացել իրենց պաշտպանյալների տեսակցություների եւ հեռախոսազանգերի վրա դրված արգելքը: Դատարանը խորհրդակցականից վերադառնալուց հետո միջնորդությունը մասնակի բավարարել է՝ թույլ տալով մերձավորների տեսակցությունը:
Այս գործով ամբաստանյալներն են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, դատախազ Սեւակ Շհոյանը եւ քաղաքացիներ Կարեն Մարտիկյանը, Հայկ Կարապետյանը, Մելանյա Գալստյանը, Կամո Գալստյանը, Էդվարդ Չինարյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանը, Վրույր Վարդանյանը, Լաուրա Մարտիրոսյանը:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:
Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինի վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



























